Միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած համընկերության կողմից OpenAI-ը 97,4 միլիարդ դոլարով գնելու առաջարկն ուրբաթ օրը մերժվել է, հայտնում է Reuters-ը։
OpenAI-ի խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը նշել է, որ ստարտափը չի վաճառվում և որ ապագա ցանկացած հայտ կհամարվի անբարեխիղճ։
«OpenAI-ը չի վաճառվում, և խորհուրդը միաձայն մերժել է պարոն Մասկի մրցակցությունը խաթարելու վերջին փորձը: OpenAI-ի ցանկացած հնարավոր վերակազմավորում կուժեղացնի մեր ոչ առևտրային առաքելությունը՝ ապահովելու համար, որպեսզի AI-ն օգուտ բերի ողջ մարդկությանը»,- ասել է Թեյլորը X-ում հրապարակված հայտարարության մեջ:
Մասկը լքել էր ընկերությունը, որը նա հիմնել էր ներկայիս գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի հետ և դրանից հետո քննադատել էր այն իր սկզբնական՝ ոչ առևտրային առաքելությունից հրաժարվելու համար: Մասկի փաստաբան Մարկ Տոբերոֆն ասել է, որ OpenAI-ը վաճառում է շահույթ հետապնդող ստորաբաժանման վերահսկողությունը, և որ գործարքը «կհարստացնի խորհրդի առանձին անդամներին, այլ ոչ թե բարեգործությանը»:
Դեկտեմբերին OpenAI-ը հայտարարել էր հանրային շահերի կորպորացիա ստեղծելու ծրագրերի մասին՝ ավելի շատ կապիտալ ներգրավելու և իր ներկայիս ոչ առևտրային կարգավիճակի հետ կապված սահմանափակումները վերացնելու համար:
Սեմ Ալթմանը երկուշաբթի մերժել էր կոնսորցիումի առաջարկը՝ տեղադրելով «Ոչ, շնորհակալություն» կարճ նամակը X-ում: Մասկը պատասխանել էր նրան՝ անվանելով «խարդախ»: Հաջորդ օրը Axios-ին տված հարցազրույցում Ալթմանը կրկնել էր, որ OpenAI-ը չի վաճառվում։
Ալթմանի և Մասկի միջև դիմակայությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ 2019 թվականին Մասկի հեռանալուց հետո OpenAI-ն ստեղծել է առևտրային մի խումբ, որը միլիարդավոր դոլարների ներդրումներ է ներգրավել՝ հարուցելով մեղադրանքներ, որ Մասկը դավաճանել է ընկերության սկզբնական առաքելությունը։ Նախորդ տարվա օգոստոսին Մասկը դատական հայց էր ներկայացրել Ալթմանի, OpenAI-ի և ընկերության խոշորագույն ներդրողի՝ Microsoft-ի դեմ՝ մեղադրելով նրանց պայմանագրի խախտման մեջ: Նոյեմբերին նա Դաշնային դատարանին խնդրել էր արգելափակել OpenAI-ի անցումը կոմերցիոն մոդելի: