Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը Հանրապետության Անկախության հռչակման օրվա առթիվ Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր։
Նա կոչ է արել չհուսահատվել և չկորցնել ազգային ինքնությունը, ինչպես նաև պահպանել միասնությունը։
«Իրավունք չունենք ծնկելու, կասկածելու, կոտրվելու, հայը իր լեռների պես համառ է ու անկոտրում, և դա ապացուցել է իր պատմությամբ։ Մենք ազգովի Արցախի հողում նորից կծածանենք հայոց եռագույնը»,- ասել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ Արցախի վերադարձն ամբողջ ազգի պատվի հարցն է։ Պետնախարարը շեշտել է հայրենիքի համար զոհված հերոսներին, անհետ կորած հայրենակիցներին և Բաքվում պահվող հայ գերիներին հիշելու անհրաժեշտությունը։ Իսկանդարյանը նաև կոչ է արել աջակցել զոհվածների, գերի ընկածների և անհետ կորածների ընտանիքներին։
Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրն է։ Այս կապակցությամբ հանրահավաք էր տեղի ունեցել Երևանի «Ազատության» հրապարակում։ Արցախի խորհրդարանն ավելի վաղ պահանջել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգում ներառվեն արցախցիների վերադարձի և գերիների ազատ արձակման հարցերը։


























