Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ակնկալում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության ներողությունն Արցախում Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանի քանդման վերաբերյալ հրապարակման մեջ Ստեփանակերտ տեղանունն օգտագործելու համար:
Նախարարությունը նաև պահանջել է «համապատասխան ուղղումներ» այս առումով՝ նշելով, որ հակառակ դեպքում «նախատեսվում են Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության վերաբերյալ համապատասխան օրենսդրական միջոցներ»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը գործակալության գործողություններն անվանել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»: Բաքուն հայտարարել է, որ եթե նման դեպքերը կրկնվեն, «կարող է սկսել Ռուսաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բնակավայրեր նշել իրենց պատմական սկզբնանուններով»:
Այվազովսկու հուշարձանի տեղադրումն ադրբեջանական կողմն անվանել է «անօրինական» և «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»:
Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված սքրինշոթներից դատելով՝ ՏԱՍՍ-ի հոդվածը սկզբնապես հրապարակվել էր «Ստեփանակերտում քանդել են Այվազովսկու հուշարձանը» վերնագրով։ Գործակալության կայքն այժմ փոխել է վերնագիրը՝ դարձնելով «Լեռնային Ղարաբաղում քանդել են Այվազովսկու հուշարձանը»։
Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել էիեն հայ ծովանկարիչ Այվազովսկու հուշարձանը: Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հուշարձանի քանդումը որակել էր որպես Ռուսաստանի նկատմամբ «անբարյացակամ գործողություն»: