ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը, հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
Շեշտվում է, որ ՔԿ-ն ցանկանում է վերաբացել մի գործ, որը նախկինում փակվել էր։
«Մեր համոզմամբ՝ այս գործընթացն ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ, և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 12-ին Խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքից առաջ, ինչպես նաև դրան հաջորդած օրերին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից մի շարք անձանց, այդ թվում՝ խորհրդի անդամների նկատմամբ, գործադրվել են բռնաճնշումներ և հնչեցվել են սպառնալիքներ։
Խորհուրդը շեշտել է, որ Իսկանդարյանը պատահական կերպով չի դարձել առաջին թիրախը, քանի որ իրականացրել է ակտիվ հանրային գործունեություն։
«Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և ունի բոլոր հատկանիշները՝ որակվելու որպես քաղաքական հետապնդում։ Սա հարված է ոչ միայն մեկ պաշտոնյայի, այլև Արցախի պետական ինստիտուտների ու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հեղինակությանն ու կենսունակությանը»,- շեշտել են Խորհրդից։
Խորհուրդը խստորեն դատապարտել է Հայաստանի կառավարության և իրավապահ համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումներն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պայքարող անձանց ու ինստիտուտների դեմ։
Հուլիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։