Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջկուսակցական առաջարկ, հայտնել է «Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան» (EAFJD):
Փաստաթուղթն աջակցել են Սոցիալ-դեմոկրատական և Լեյբորիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ժողովուրդը շահույթից առաջ», «Համերաշխություն» և «Մենք ինքներս» կուսակցությունները: Բանաձևում ընդգծվում է, որ Թուրքիայի կառավարության կողմից 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու համառ մերժումը ոչ միայն խանգարում է Անկարային հաշտվել սեփական անցյալի հետ, այլև խոչընդոտում է նրա իրական ժողովրդավարացման ուղին:
Նախաձեռնողներն Իռլանդիայի կառավարությանը կոչ են անում լիարժեք մասնակցել Ցեղասպանության 110-ամյակին նվիրված միջոցառումներին և հարգել մեկուկես միլիոն զոհերի հիշատակը: Նրանք այլ երկրներին ևս կոչ են անում ճանաչել 20-րդ դարի մարդկության դեմ առաջին հանցագործությունը:
Բացի այդ, առաջարկվում է դպրոցական ծրագրում ներառել Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ճշգրիտ ձևով և սահմանել Հայոց ցեղասպանության հիշատակի միջազգային օր: EAFJD-ի նախագահ Գասպար Կարամպետյանը ողջունել է նախաձեռնությունը և Իռլանդիայի խորհրդարանին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել բանաձևը:
«Այս նախաձեռնությունը հստակորեն նշում է, որ Ցեղասպանության հանցագործության ճանաչումն անհրաժեշտ քայլ է՝ ապագա վայրագությունները կանխելու նպատակով և հայ ժողովրդի անօտարելի իրավունքը՝ պահանջելու արդարություն իր նախնիների համար»,- ասել է նա։
Ապրիլի 24-ին լրացել էր Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշել է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ Եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Կարդացեք նաև`