Կառավարությունը հուլիսի 3-ի նիստում ընդլայնեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագիրը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ կառավարությունն առաջարկել է բնակավայրերի մեծամասնության դեպքում 1 մլն դրամով ավելացնել տեղահանված ընտանիքներից յուրաքանչյուր անդամի տրամադրվող գումարը՝ 3 մլն դրամ սահմանաչափի փոխարեն դարձնելով 4 մլն դրամ։
Սոցապնախարարը, միևնույն ժամանակ, տեղեկացրեց, որ նախագծով 4 մլն դրամ սահմանաչափով բնակարանների նոր ցանկ են առաջարկել։
«Այս պահին 57 համայնքի 452 բնակավայր կա ցանկում, և նախագծով առաջարկում ենք ցանկն ընդլայնել՝ 452-ի փոխարեն սահմանել 611 բնակավայր»,- նշեց նա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց, որ 1 մլն դրամով սահմանչափն ավելացնելու և 4 մլն դրամ սահմանաչափ կիրառելու փոփոխությունը չի վերաբերում Երևանին և մայրաքաղաքին սահմանակից բնակավայրերին, որոնք շարունակելու են համարվել 3 մլն սահմանաչափով աջակցության գոտի։
«Որպեսզի տարաբնակեցումը խրախուսվի, ի սկզբանե առանձնացրել էինք մարզեր, որտեղ ունեինք առավելագույնը 5 մլն դրամ աջակցության չափ, կային նաև բնակավայրեր, որոնց դեպքում սահմանված էր 4 մլն դրամ սահմանաչափ։ Երևանում և հարակից մարզերում 3 մլն էր սահմանված։ Երկար քննարկումից հետո եկանք նրան, որ միայն Երևանը և անմիջապես սահմանակից խոշորացված համայնքների դեպքում սահմանաչափը թողեցինք 3 մլն, և մնացած բնակավայրերը եթե 5 մլն չեն, ապա 4 մլն են»,- հավելեց փոխվարչապետը։
Կառավարությունը նախագծով փոխել է նաև ծրագրի իրականացման փուլերի ժամանակահատվածները։
«Առաջարկում ենք ծրագրի համար նախատեսված երկրորդ և երրորդ փուլերը մեկնարկել հուլիսից՝ ծրագրի վերջնաժամկետ սահմանելով 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նախկին կարգով գործող 2025-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն»,- հավելեց Մկրտչյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Արցախից ավելի քան 1600 բռնի տեղահանված ընտանիք բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել, նրանցից 312-ն արդեն բնակարանի ձեռքբերման կամ կառուցման փուլում են։
Նրա խոսքով՝ նախագծով Արցախից բռնի տեղահանվածների բնակարային ապահովման ծրագրի համար միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, որը կուսումնասիրի մերժված դիմումները, ինչպես նաև քննարկումների արդյունքների հիման վրա մերժված դիմումատուներին շահառուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն կունենա։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ վերջին երկու ամիսների ընթացքում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնց հաջողվել է որոշ հարցերի շուրջ պայմանավորվել ՀՀ իշխանությունների հետ: Նույն օրը Սոցապնախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Armenia Today-ին հաստատել էր, որ գերատեսչությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել տեղահանվածներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրում:
Կադացեք նաև՝