Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում կայացած, այսպես կոչված, «դատական» նիստի ժամանակ բողոք է ներկայացրել դատական կոլեգիայի կազմի դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նրանց տեղեկություններով՝ Վարդանյանը հայտարարել է, որ ծանոթացել է հունվար և փետրվար ամիսների նիստերի արձանագրություններին և կասկած է հայտնել դատարանի օբյեկտիվության և անկողմնակալության վերաբերյալ: Բողոքը թողնվել է առանց քննության:
Նշվում է, որ նիստում լսել են նաև «տուժողների ցուցմունքները»: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարարը ևս միջնորդություններ էր ներկայացրել ադրբեջանական «դատարանի» կազմի դեմ, որոնք մերժվել էին դատավարության ընթացքում:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ Ադրբեջանում գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։