Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի հակառուսական հռետորաբանության աճը: «Սվոբոդնայա Պրեսա» հրատարակչությանը տված հարցազրույցում նա նշել է, որ պաշտոնական Բաքուն, օգտագործելով ցանկացած պատրվակ, ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի վերջերս արած հայտարարությունը, որը վերաբերում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցին, առաջացրել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը։ Զատուլինն ընդգծել է, որ Մեդինսկու հայտարարությունները Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ անսովոր բան չեն պարունակում, սակայն Բաքուն դրանց արձագանքել է չափազանց հուզականորեն։
«Ադրբեջանն իրեն էքստազի է հասցնում՝ պահանջելով, որ բոլորը մոռանան անցյալը և անվերապահորեն ընդունեն ներկա իրավիճակը»,- նշել է Զատուլինը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունները հանգեցրել էին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողության և 120 000 հայերի արտագաղթի: Բաքուն, ըստ Զատուլինի, ձգտում է ջնջել հայերի տառապանքների և տարածաշրջանի պատմության հիշողությունը, չնայած նախկինում առաջարկել էր խաղաղ կարգավորում և նույնիսկ լայն ինքնավարություն Ղարաբաղի համար։
Հունիսի 9-ին Մեդինսկին RT-ին տված հարցազրույցում ուկրաինական հակամարտության շրջանակներում ստեղծված իրավիճակը համեմատել էր Արցախի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական հակամարտությունը դադարեցվի ռազմաճակատի գծում, և համաձայնության չլինի «իրական խաղաղության» շուրջ, ապա այդ տարածաշրջանը «կվերածվի հսկայական Ղարաբաղի»:
Ավելի ուշ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր Մեդինսկու այս հայտարարությանը։ Բաքուն ղարաբաղյան և ուկրաինական հակամարտությունների համեմատությունն անվանել էր «անտեղի» և հայտարարել, որ Ադրբեջանը «երբեք ագրեսիվ պատերազմ չի մղել որևէ պետության դեմ»։ «Մենք խորհուրդ ենք տալիս պարոն Մեդինսկուն զերծ մնալ միջպետական հարաբերությունները վնասելուց՝ նման սխալ հայտարարություններով այն հարցերի վերաբերյալ, որոնք գերազանցում են նրա լիազորությունները»,- հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ Զատուլինը հայտարարել էր, որ Հայաստանի ճակատագիրը կորոշվի 2026 թվականի ընտրություններում և հույս էր հայտնել, որ Հայաստանում հարցեր կտան այն կառավարությանը, որը «պարտվել է, հանձնվել և դավաճանել»։