Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում իր աշխատանքն է սկսել Լեռնային Ղարաբաղի հարցով «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության» հանձնաժողովը, հայտնել է ՀՀ նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը։
Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:
19 պատգամավորից կազմված հանձնախմբի նպատակն է օժանդակել արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը, որը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:
Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»:
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը:
Օսկանյանը նշել է, որ Արցախի ժողովրդի և ղեկավարության նպատակը հավաքական, ապահով և արժանապատիվ իրենց պապական հող վերադառնալն է՝ միջազգային հուսալի մեխանիզմներով երաշխավորված իրենց հիմնարար իրավունքներով։
«Սա քաղաքական պահանջ չէ։ Սա մարդկային պահանջ է՝ հիմնված միջազգային իրավունքի, վերապրած տրավմայի և բարոյական հստակության վրա»,- ասել է նախկին արտգործնախարարը։
Նա շեշտել է, որ միջազգային պաշտպանության ներքո արցախցիների վերադարձը կարող է դառնալ արդար և երկարատև խաղաղության հիմք Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Այս տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ այդ մարդիկ իրենց հողից արմատախիլ են»,- հավելել է նա։
ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, որ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը որոշ վերապահումներ ունի այս գործընթացը սկսելու հարցում։
«Այս ֆորումը կողմ բռնելու մասին չէ։ Այն մի կողմին մյուսի նկատմամբ օրինականություն տալու մասին չէ։ Այն տարածք բացելու մասին է՝ չեզոք, սկզբունքային տարածք, որտեղ խլացված ձայները կարող են լսելի դառնալ, որտեղ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արցախի հայերը կարող են նստել և միասին ճանապարհ գտնել։ Վերադարձի ճանապարհ»,- ընդգծել է Օսկանյանը։
Մարտի 18-ին Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն էր տվել արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցի շուրջ քննարկումներ սկսելու մասին բանաձևին: