Ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության՝ ադրբեջանցիներն օկուպացված Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ամբողջությամբ ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Այս մասին հայտնել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:
«Բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների և հուշահամալիրների ոչնչացման դեպքերը հասել են աննախադեպ մասշտաբների։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները հատկապես համակարգված կերպով են իրականացնում այս վանդալիզմը՝ առավել ակտիվանալով Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին և դրանից հետո», – նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը», – հավելել է Ավանեսովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։
Ռուսաստանի հայերի միությունը մարտի 20-ին
դիմել էր ՌԴ քննչական կոմիտեին` նշելով, որ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանները ոչնչացնելու հիմքով պետք է քրեական գործ հարուցել։ Մայիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում հայ հերոսների հուշարձանները ոչնչացնելու մասին
նշել էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։