Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին` նշելով, որ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանները ոչնչացնելու հիմքով պետք է քրեական գործ հարուցել։ Միությունում կարծում են, որ ՌԴ-ում պետք է պատշաճ գնահատական տան Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, որոնք Հաղթանակի 80-ամյակի տարում Ստեփանակերտում ոչնչացրել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, պղծել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը։
Ռուսաստանի հայերի միությունը խորհրդային ժողովրդի դերն արժեզրկելու քայլ է որակել վանդալիզմի ակտերն Ադրբեջանի իշխանությունների և նրանց հովանավորների կողմից։
«Վանդալիզմը պատմական փաստերը փոխարինելու ծրագրված գործողության մաս է Ադրբեջանի կողմից, որի վերջնական նպատակն է աղավաղել պատմական ճշմարտությունը, խաթարել բարոյական հիմքերը և ոչնչացնել սերունդների միջև շարունակականությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Միությունը հիշեցրել է, որ ադրբեջանցիները ոչնչացրել են ադմիրալ Իվան Իսակովի, մարշալ Խանֆերյանցի հուշարձանները, Շուշիում պղծել են Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, ավերել խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի հիմքերի մոտ կանգնած պետական գործիչ Իվան Թևոսյանի հուշարձանը։
«ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ քննիչները ներկայումս հետաքննում են 167 քրեական գործ, որոնք վերաբերում են խորհրդային զինվորների հուշարձանների պղծմանը, ոչնչացմանը կամ վնասմանը։ Խոսքը 15 եվրոպական երկրում գտնվող հուշարձանների մասին է։ Ադրբեջանը վաղուց ի վեր է այս ամոթալի ցուցակի թեկնածու»,- շեշտել են հայտարարության մեջ։
Մայիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում հայ հերոսների հուշարձանները ոչնչացնելու մասին նշել էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն