Ադրբեջանը շարունակում է պղծել օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը, հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագիրը։
Նախաձեռնության տվյալներով՝ ապրիլի 21-ին տարածված տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները կրկին պղծել են Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը
Մասնավորապես միտումնավոր կերպով փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը, որոշ տապանաքարեր էլ կոտրված են։
«Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծրագիրը հիշեցրել է, որ հայկական հուշարձանների, այդ թվում գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով։
Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը։
Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է։
Մայիսի 4-ին հայտնել էինք, որ Ադրբեջանն ավերել է Արցախի Վանք գյուղի՝ Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշարձանները։
Մարտի 21-ին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնել էր, որ Ադրբեջանն ավերել է Արցախի օկուպացված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, շուրջ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Armenia Today-ն իր նյութում տեղեկություններ է հավաքել Արցախի տարածքում պատմամշակութային նշանակության բոլոր ավերված հուշարձանների մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհն են դարձել: