Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-1945 թթ․ Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը, հայտնում է Artsakh Monuments-ը։
«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է, ամեն ինչ, ինչ հայկական է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 21-ին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնել էր, որ Ադրբեջանն ավերել է Արցախի օկուպացված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղեր ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել են Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Armenia Today-ն իր նյութում տեղեկություններ է հավաքել Արցախի տարածքում պատմամշակութային նշանակության բոլոր ավերված հուշարձանների մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհն են դարձել: