Ապրիլի 25-27-ին ԱՄՆ-ում Արցախ Միության հիմնադիր նախագահ, Արցախի հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում կայացած երկու միջոցառումների ընթացքում անդրադարձել է ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին, դրա հիմքերի և իրացման մեխանիզմներին։
Նա իր ելույթներում Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակ է առանձնացրել։
Քայլերից առաջինն Արցախի ժողովրդին Հայաստանում պահելն է՝ ապահովելով կայուն ու արժանապատիվ կեցություն և ինքնության պահպանում նրանց համար: Երկրորդ կետում Բեգլարյանը նշել է Արցախի ֆիզիկական միջավայրի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության մասին՝ իր մշակութային ժառանգությամբ և հանրային ու մասնավոր սեփականությամբ, որոնք ակտիվորեն ոչնչացվում ու յուրացվում են Ադրբեջանի կողմից:
Նա առաջարկել է նաև փաստագրել բոլոր հանցագործությունները և ամրագրել Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային բոլոր հնարավոր ատյաններում, ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, նախաձեռնել ու հասնել միջազգային արդարադատության՝ պատժելով հանցագործներին և կանխելով նորանոր հանցագործությունները հայ և այլ ժողովուրդների հանդեպ:
6-րդ կետով Բեգլարյանն առաջարկել է վերացնել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը և դրա արմատները, որը հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների գլխավոր գաղափարախոսական հիմքն է: 7-րդ կետով նա կոչ է արել վերադարձնել հայ գերիներին, որոնք Ադրբեջանում առերեսվում են ծանր զրկանքների ու կեղծ դատավարության՝ պարզապես հայ լինելու պատճառով:
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում