Արցախի ներկայացուցչությունում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի ակտիվիստների մասնակցությամբ, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ հանդիպման ժամանակ քննարկվել է 2 հարց։ Առաջինն Արցախի ներդրումային հիմնադրամի անհետացած միլիարդավոր դրամների վերադարձի հարցն էր։
Դեռևս նախորդ շաբաթվա վերջ մի խումբ արցախցիներ բողոքի ակցիաներ էին իրականացրել Արցախի ներկայացուցչության շենքի առջև՝ «պահանջելով Շահրամանյանից զբաղվել Արցախի պաշտոնյաների թալանի վերադարձով»:
Խոսակցության երկրորդ թեման Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումն էր, որի ժամկետը լրանում է մայիսի 21-ին: Միայն սրանից հետո խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել:
Հանրահավաքի կազմակերպիչ Արթուր Օսիպյանը հայտարարել էր, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախ է ուղարկվել առնվազն 467 մլն դոլար, սակայն այդ գումարին տիրացել է 48 ընտանիք»։ Նա պահանջել էր, որ Արցախի նախագահը կապվի դատախազության հետ և կոչ անի անցկացնել արագացված քննություն՝ պաշտոնյաների կողմից հափշտակված միջոցների գործով։
Ապրիլի 18-ին Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Դանիելյանը նշել էր, որ արցախցիների՝ «թալանի» վերաբերող պահանջը գտնվում է Հայաստանի դատախազության իրավասության ներքո։ Նա բողոքի ակցիան սադրանք էր որակել։ Ավելի ուշ նախագահ Շահրամանյանը դուրս էր եկել ցուցարարների մոտ և ասել, որ պատրաստ է նրանց հետ գնալ դատախազություն և Քննչական կոմիտե։