2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատներն Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին ուղղված բաց նամակում պահանջել են, որ նա անհապաղ հանդես գա մարտական գործողություններին արցախցիների մասնակցության վերաբերյալ հստակ հայտարարությամբ։
Հարազատները նշել են, որ Պաշտպանության բանակի մարտիկների և աշխարհազորայինների անձնազոհության փաստերին հակառակ՝ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվում են կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններ այն մասին, թե իբր արցախցիները չեն կռվել։ Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունն էր։
«Այն ժամանակ, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման պառակտիչ և թիրախավորված ապատեղեկատվություն են տարածում, Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը, որն այդ օրերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում»,- ասվում է նամակում։
Նրանք շեշտել են, որ առաջին հերթին հենց Վարդանյանը պետք է խոսի և փաստերով լռեցնի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը։
«Բաց նամակին չարձագանքելը կհամարենք խիստ դատապարտելի հանցակցություն այդ պառակտիչ երևույթին և անարգանք իր ղեկավարած բանակի զոհված զինծառայողների և նրանց հարազատների նկատմամբ»,- հավելել են հարազատները։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող։
Ապրիլի 17-ին Սուքիասյանն ասել էր, որ «2023-ին զոհվել է 10 ղարաբաղցի», և որ «Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին»։ Նույն օրը Սուքիասյանը ներողություն էր խնդրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի «սխալ թիվ ասելու համար»՝ նշելով, որ «210 զոհի փոխարեն ասել է 10 զոհ»։