Արցախի աշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միացյալ հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին, հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
«Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում։ Տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային»,- ասվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 17-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ Բաբայանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում։ Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության պատգամավոր Դավիթ Գալստյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Արցախի ԱԺ-ն սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ընդունել՝ ապահովելու պետական ինստիտուտների շարունակականությունը։ Ըստ փոփոխությունների՝ մայիսի 21-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդարանը կկարողանա նոր նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայներով։