ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի սխալ թիվ ասելու համար։
«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին»,- ասվում է նրա հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ «որևէ միտում չի եղել»։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,- նշել է Սուքիասյանը։
Այսօր ավելի վաղ 24News-ին պատգամավորը հայտարարել էր, որ արցախցիները չեն կռվել։ «Մի 10 հոգի ղարաբաղցիա զոհվել 2023-ին, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին»,- ասել էր նա։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։