Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը հրաժարվել է Սոֆիայի հանդիպումից, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ԱԳ նախարար Միրզոյանն այսպես է արձագանքել Արցախի հարցը բանակցային օրակարգից հանելու վերաբերյալ իշխանություններին ուղղված մեղադրանքներին, որոնք հնչել էին «Ազատության» հարցմանն ԱԳՆ-ի տված պատասխանից հետո։
Ապրիլի 5-ին ԱԳՆ-ն արձագանքել էր Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարությանը, որ «մինչև 2024 թվականի հունվար Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել ԼՂՀ ճակատագիրը»։ ԱԳՆ-ն նշել էր, որ ԼՂ հայերի բռնատեղահանությունից հետո այդ խնդիրը դուրս է եկել ՀՀ-Ադրբեջան կարգավորման օրակարգից։
«Սա իսկապես ամենավառ օրինակներից է, երբ խոսքը կամ փաստն աղավաղվում է, տրամագծորեն հակառակ լույսի ներքո ներկայացվում։ Մենք քանիցս հայտարարել ենք, որ փորձել ենք հասցեագրել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ադրբեջանի և ԼՂ-ի միջև ուղիղ խոսակցության, միջազգային երաշխիքների, միջազգային մեթոդների ստեղծման ճանապարհով։ Ջանքեր գործադրեցինք Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Վստահ էինք, որ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր էր լինելու որոշակի հարցեր լուծել։ Պարզ է, որ իրենց ինքնալուծարման փաստաթղթից հետո այդ օրակարգը չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին մենք կարող ենք խոսել»,- ասել է Միրզոյանը։
Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի։
«Հիմա մեզ մեղադրում են այդ հարցը օրակարգից հանելու մեջ։ Ավելին, երբ մենք ասում էինք՝ նշաձողն իջեցնել է պետք (Արցախի հարցի-խմբ․) և այդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության, հողեր ծախելու մեջ։ Բայց ԼՂ-ն է հրաժարվել Սոֆիայի հանդիպումից, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ես չեմ հասկանում։ Այս հարցերի պատասխանը լրջորեն պետք է տրվի՞, թե՞ չէ, ինչքա՞ն կարելի է անընդհատ իրենց թերթերի միջոցով ասել՝ «Ղարաբաղը հանձնեցին»»,- հավելել է նա։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 17-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին։
2023-ի դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահը հայտարարել էր հանրապետության իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ գոյություն ունի Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը (ըստ որի՝ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից) չեղարկող փաստաթուղթ։