Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Բաբայանը Բաքվի շինծու դատավարությանը հայտարարել է, որ դեմ էր հայերի ինտեգրմանն Ադրբեջանին:
«Ինտեգրումն անհնար էր»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է Բաբայանը։
Նա շեշտել է, որ հայերի ինտերգրմանն Ադրբեջանին դեմ են արտահայտվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլոք։
Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։