Բեռլինում տեղի է ունեցել ակցիա՝ ադրբեջանական բանտերից հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակման մասին միջազգային հանրությանն ուղղված կոչով։ Այս մասին հայտնել է ակցիայի մասնակից, ֆեյսբուքյան օգտատեր Արշակ Մակիչյանը։
Միջոցառմանը մասնակցել է մոտ 50 մարդ։ Նրանք Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների անուններով, ինչպես նաև «Ռազմագերիները քաղաքական լծակ չեն», «Ազատություն հայ քաղբանտարկյալներին», «Ռուբեն Վարդանյան, մենք քեզ հետ ենք» մակագրություններով պաստառներ են պահել։
«Հուսով եմ՝ համաշխարհային առաջնորդները կսկսեն բարձրաձայնել այս հարցի շուրջ և կպահանջեն [Իլհամ] Ալիևի ռեժիմից ազատ արձակել բոլոր պատանդներին, ու դադարեցնել ահաբեկչությունը հայ ժողովրդի դեմ»,- գրել է Մակիչյանը Facebook-ում։
Ակտիվիստները հորդորել են, որ հայերի թատերական դատավարությունը դադարեցնելուն ուղղված գործողությունները պետք է իրականացնել երկարաժամկետ և հետևողական։ Ցուցարարները նշել են, որ դատավարություններն իրականացվում են Արցախի հայ ժողովրդի վրա ճնշում գործադրելու և Ադրբեջանի օկուպացիոն ու գաղութատիրական քաղաքականությունը լեգիտիմացնելու նպատակով։2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։
Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։
Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։