Ապրիլի 4-ին ամբողջությամբ ավերվել է Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցը, հայտնում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնությունը՝ (Caucasus Heritage Watch)։
Վանդալիզմի դեպքը բացահայտվել է արբանյակային մոնիթորինգի արդյունքում։ Նախաձեռնությունը հայտնում է, որ գերեզմանատան ավերումն սկսվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, երբ արձանագրվել էր 18-19-րդ դարերի բազմաթիվ տապանաքարերի ոչնչացումը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։ Փետրվարի 29-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ոչնչացրել է բռնազավթված Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը: Քանդել էին նաև Գետավան գյուղի ինքնապաշտապանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշատախտակները և խաչքարը։
Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։