Լեռնային Ղարաբաղից տեղահանված և փախստականի կարգավիճակ ստացած անձինք չեն կրում ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականություն, հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարության տարածած տեղեկատվության մեջ նշված է, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված է իրավունքների և պարտականությունների առավել լայն ծավալ՝ (օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության, ընտրելու, կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու, հանրային ծառայության անցնելու իրավունքները, ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը), փախստականները չեն օգտվում վերոնշյալ իրավունքներից:
Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, մանրամասնում են նախարարությունից, որ անձինք վերոնշյալ իրավունքներն ու պարտականությունները ձեռք են բերում քաղաքացիության ուժով:
Մյուս իրավունքներն իրացնելիս փախստականների համար, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, սահմանված են նույն հնարավորությունները, եթե նրանք բավարարում են ՀՀ օրենսդրության պահանջները:
Միաժամանակ ավելացնում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում ԼՂ-ից տեղահանված անձինք օգտվում են ՀՀ քաղաքացիների համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում ՀՀ քաղաքացիների համար պարտականությունները՝ չդադարելով օգտվել նաև ԼՂ-ից տեղահանված անձանց համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերից:
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա հարձակման հետևանքով ԼՂ-ից ՀՀ էր բռնի տեղահանվել 100 632 մարդ։ 2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական: