ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանել է անձնագրային բաժիններում արցախցիների հաշվառման հետ կապված հերթերը: Նա համաձայնել է Armenia Today-ի թղթակցի այն դիտարկմանը, որ թվայնացված հաշվառման համակարգ չունենալու պատճառով են նաև առաջանում հերթերը:
«Նախարարի հրամանով տարածքներում ավելացրել ենք փորձագիտական մի շարք հաստիքներ և փորձում ենք առավել արդյունավետ կառավարել իրավիճակը: Հաշվի առնելով նաև կլոր կնիքի գործընթացի վերացումը՝ հիմա շատ ավելի մեղմ հերթեր կունենանք անձնագրային ծառայություններում»,-հայտնել է Ղազարյանը՝ հավելելով, որ աշխատում են ամբողջությամբ էլեկտրոնային հաշվառման անցնելու ուղղությամբ:
Նա տեղեկացրել է, որ արդեն հաշվառել են Արցախից բռնի տեղահանված 42 716 անձանց, որոնցից 13 747 անձ 63 և բարձր տարիքի է: ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի խոսքով՝ առաջնահերթություն են տվել 63 և բարձր տարիք ունեցող անձանց, որպեսզի թոշակավորման հետ կապված խնդիրներ չառաջանան. Արցախի ամբողջ թոշակառու բնակչությունն արդեն հաշվառված է:
Նա նշել է, որ բռնի տեղահանության հաշվառումներն իրականացվել են սեպտեմբերի 24-ից սկսած և սոցիալական աջակցության ծրագրերն իրականացվել են ոչ թե ըստ հասցեի հաշվառումների, այլ բռնի տեղահանությունների հաշվառումների հիման վրա: «Դրա համար մենք կարողացել ենք որոշակի արդյունավետություն ապահովել, և մարդիկ ստացել են իրենց գումարները»,- ընդգծել է Ղազարյանը:
Ըստ նրա՝ ժամանակավոր անձնագրերի անհրաժեշտության չկա, որովհետև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց մոտ առկա փաստաթղթերով կարող են անցնել աշխատանքի՝ բացառությամբ այն վայրերի, որտեղ պարտադիր պահանջ է ՀՀ քաղաքացիություն ունենալու հանգամանքը:
Վահե Ղազարյանն էլ, իր հերթին, հավելել է, որ իր հրամանագրով բոլոր մարզերում ու Երևանում անձնագրային բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերին:
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։ 2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական:
Հունվարի 9-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 32 հազար անձ դիմել էր ժամանակավոր պաշտպանության քարտի, 450-ը՝ Հայաստանի քաղաքացիության համար:
Մանրամասները՝ տեսանյութում: