Հայաստանի Սյունիքի մարզում և Արցախում կստեղծվեն առաջին բուժօգնության շարժական բրիգադներ։ Նման խմբեր կստեղծի «ՄոբՄեդ» ընկերությունը, որը հիմնադրվել է ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի (HENAR – Health Network for Armenia) և հայ-ֆրանսիական Santé Arménie հիմնադրամի՝ հուլիսի 13-ին ստորագրված հուշագրով, ասվում է ՀԵՆԱՐ հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայմանագիրն ստորագրել են ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։
«Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ուրախ ենք վերջապես կյանքի կոչել մեր նախագիծը, որի նպատակը որակյալ բուժօգնությունը մարդկանց համար ավելի հասանելի դարձնելն է»,- նշել է Արման Ոսկերչյանը։
Հիշեցնենք, որ ՀԵՆԱՐ-ը և Santé Arménie հիմնադրամը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության հետ միասին այս տարվա գարնանը գործարկել են շարժական բրիգադներ Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար։
Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական համայնքներում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնելը:
ՀԵՆԱՐ հիմնադրամն ստեղծվել է 2021թ․՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց՝ ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար: ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Արման Ոսկերչյանը։
Կարդացել Armenia Today-ի հարցազրույցը ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանի հետ Սյունիքում և Արցախում բժշկական շարժական կայաններ ստեղծելու մտադրության մասին։