Բոլոր խողովակներն օգտագործում ենք, որ Ադրբեջանի վրա ճնշում լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված առողջապահական խնդիրներին:
«Գորիսում տեղակայված բնակչության մեջ կան նաև մեծաթիվ երեխաներ: Մենք ուժեղացրել ենք Գորիսի ԲԿ-ի ծառայությունների ողջ սպեկտորը, բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք կարիքները հասցեագրել: Այն գյուղական համայնքները, որոնց կարիքներն այս պահին չի կարողանում հոգալ Արցախի առողջապահական համակարգը, միասնական առողջապահական համակարգի հետ այդ բնակավայրեր շտապօգնության ծառայության միջոցով անհրաժեշտ դեղորայք ենք ուղարկել»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ մասնագետներն աշխատում են Ստեփանակերտի գործընկերների հետ՝ վերահսկելու ծանր վիճակում գտնվող հիվանդներին:
Նրա խոսքով՝ ճիշտ որոշում է Արցախում պլանային վիրահատությունները դադարեցնելը:
«Մենք բոլոր միջոցները, բոլոր խողովակներն օգտագործում ենք, որ Ադրբեջանի վրա ճնշում լինի, և մարդկանց կյանքին սպառնացող իրավիճակում արվի հնարավորը՝ նրանց Երևան տեղափոխելու համար: Մենք ԱՀԿ-ից ճնշում ենք ակնկալում: Մենք ոչ թե գրավոր պատասխան, այլ հստակ քայլեր ենք ակնկալում»,- ասել է նա՝ շեշտելով, որ ԱՀԿ-ից այս պահին պատասխան չկա:
Անդրադառնալով հատկապես ծանր վիճակում գտնվող Արցախի քաղաքացիներին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխելու հնարավորությանը՝ Ավանեսյանը նշել է, որ դա պարզապես հնարավոր չէ: Այլ մանրամասներ նա չի հայտնել:
Անդրադառնալով իր հրաժարականի մասին հրապարակվող լուրերին՝ Ավանեսյանը նշել է. «Ես հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ»:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ Armenia Today-ը ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից փորձել էր ճշտել՝ սանավիացիայի ուղղաթիռն օգտագործելու հնարավորություններ կա՞ն, թե՞ ոչ: Այդ ժամանակ ևս հստակ պատասխան չէր հնչել: