Արցախում շուտով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հրամանագիր կստորագրվի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Պատերազմից հետո շատ հստակ երևաց այն պատկերը, որ մեր Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակներում լուծումներ չի տալիս։ Հենց նշված առումով մենք բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցինք։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ ներկայիս Սահմանադրությամբ նույն օրը ձևավորվում էր և՛ խորհրդարանը, և՛ անցկացվում էին նախագահական ընտրություններ։ Ստացվում էր միանձնյա իշխանություն, և ստացվում էր, որ խորհրդարանն ընդամենը կատարողի դերակատարություն ունի։ Ու պատերազմից հետո հենց մեր քաղաքական ուժը հանդես եկավ Սահմանադրությունը փոխելու առաջարկով, ինչ-որ տեղ նաև պահանջով»,-ասաց Մ․ Հակոբյանը՝ նշելով, որ արդյունքում ստեղծվեց նախ հայեցակարգային հանձնաժողով, այնուհետև գրվեց Սահմանադրությունը, արվեցին բազմաթիվ քննարկումներ։
«Նախորդ Սահմանադրությունը որևէ մոդելի չէր պատկանում։ Անհայտ անիմաստ, անհասականալի ձևակերպումներով Սահմանադրություն էր հրամցվել, որը գործնականում կիրառելի չէր։ Հիմա փոփոխությունները գրվել են նաև այն իրավիճակների ժամանակ, որում մենք ենք հայտնվել․ այսինքն, գործնականում կիրառում ունեցող Սահմանադրություն է լինելու։ Նաև նախագահի ինստիտուտը կառանձնանա խորհրդարանից ու գործնականում բավականին կիրառելի կլինի»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ առաջարկվող Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարմա՞նն են անցելու Արցախում, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Առաջարկվող Սահմանադրությունն այնպիսի իրավիճակի վերաբերյալ է, որում Արցախը կա ու գտնվում է նաև այսօր։ Մենք մեզ գործող Սահմանադրությունն ունենալու շռայլությունը չենք կարող թույլ տալ և դրա իրավունքը չունենք։ Առաջարկվող նոր Սահմանադրությամբ և՛ նախագահը, և՛ խորհրդարանն իրենց տեղում են լինելու և այլևս չի լինի այնպես, որ այս ինստիտուտները միմյանց հետ փոխկապակցված կառույցներ դառնան։ Նոր Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակներում կունանա իր լուծումերը։ Հիմա, ըստ հայեցակարգի, եկել է ժամանակը, որ նախագահը պետք է արդեն հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հրամանագիր ստորագրի։ Մոտ օրերս պետք է սպասենք հրամանագրի ստորագրությանը։ Նախագահի հրամանագրով պարզ կլինի, թե հանրաքվեն երբ է տեղի ունենալու»։
Աննա Բադալյան