Իրանն ԱՄՆ-ից պահանջել է փոխհատուցել իր միջուկային ենթակառուցվածքներին վերջերս հասցված վնասը, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին և հավելել, որ առանց դրա Թեհրանը մտադիր չէ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
«Ամերիկացիները պետք է բացատրություններ տան և երաշխավորեն, որ այլևս չեն կրկնի դա: Եվ, իհարկե, փոխհատուցեն իրենց կողմից ոչնչացվածի համար»,- ընդգծել է նա:
Արաղչին ընդունել է, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը մնում է, բայց նշել է, որ երկրի ներսում աճում է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը: Նրա խոսքով՝ Թեհրանում շատերը վստահ են, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն նստի բանակցությունների սեղանի շուրջ, դա միայն նոր մանիպուլյացիաների համար քողարկում կլինի:
Եվրոպացիները, Թեհրանի կարծիքով, կորցրել են իրենց անկախությունը և ազդեցություն չունեն իրավիճակի վրա։
«Նրանք չեն կարող ո՛չ վերացնել պատժամիջոցները, ո՛չ էլ իրական լուծումներ առաջարկել: Եթե նրանք փորձեն օգտագործել Snapback մեխանիզմը (ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների վերականգնում- AT), նրանց հետ երկխոսությունը կավարտվի»,- եզրափակել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր ավելի շատ հարվածներով, եթե Իրանը փորձի վերսկսել միջուկային ծրագիրը: Թեհրանը խոստացել էր կոշտ պատասխան տալ ցանկացած նոր ագրեսիայի: Ըստ Axios-ի՝ ԱՄՆ-ն և եվրոպական հիմնական երկրները համաձայնության են եկել ժամկետների շուրջ. եթե մինչև 2025 թվականի օգոստոսի վերջ նոր միջուկային համաձայնագիր չստորագրվի, Եվրոպան կակտիվացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը: