Sputnik Ադրբեջան գործակալության գործունեությունը շարունակելու համար պայմաններ այլևս չկան, հայտարարել է Россия сегодня մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, հայտնում է ՌԲԿ-ն:
«Ցավով հարկադրված ենք արձանագրել, որ այս պահին Ադրբեջանում բացակայում են պայմաններ Sputnik Ադրբեջայի գործունեությունը շարունակելու համար»,- նշվում է նրա հայտարարության մեջ։
Կիսելյովը շեշտել է, որ գործակալությունն իր ամբողջ գործունեության ընթացքում միտված է «ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, իսկ խմբագրակազմի քաղաքականությունը լիովին նվիրված է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացմանը»։
Նա հավելել է, որ գործակալության աշխատակիցների ձերբակալությունները «ոչ մի հիմնավորում չունեն», նրանց առաջադրվել են «անհիմն մեղադրանքներ» և նրանք կալանավորվել են «հորինված պատճառաբանությամբ»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եկատերինբուրգում միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա էր հանձնել Ռուսաստանին: Գերատեսչությունը հայտնել էր երկու հայրենակիցների զոհվելու և մյուսների լուրջ վիրավորվելու մասին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու այցի, ինչպես նաև Ռուսաստանի մասնակցությամբ մի շարք միջոցառումների չեղարկման մասին:
Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել Sputnik Ադրբեջանի գրասենյակում: Գերատեսչությունից պնդել էին, որ ձերբակալված լրագրողներն «իրականում ՌԴ ԱԴԾ գործակալներ են և պարբերականում աշխատել են քողարկված», որից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին ազատ արձակելու պահանջով: