Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանում հարձակվել են մի քանի կառավարական օբյեկտների վրա, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դրանց թվում են «Բասիջ» ռազմականացված աշխարհազորի շտաբը, որը մտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառուցվածքի մեջ։ Իսրայելը հարվածել է նաև բանտի շենքին և Թեհրանի հրապարակներից մեկում տեղադրված ժամացույցին, որը խորհրդանշական կերպով հաշվում է Իսրայելի ոչնչացմանը մնացած ժամանակը»,- հայտարարել են Իսրայելի ԶՈւ-ում։
Իսրայելը հրթիռային մի քանի հարված է հասցրել նաև Թեհրանից ոչ հեռու գտնվող Քերեջ քաղաքին, հայտնել է իրանական Fars գործակալությունը:
Իսրայելի ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ մտադիր է շարունակել հարվածներն Իրանին՝ ի պատասխան նրա կողմից իրականացվող հրթիռակոծությունների:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերն ԱՄՆ-ն հարձակվել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա։