Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները կտեղափոխվեն Իսլամական Հանրապետության ամենավտանգավոր գոտիներից։ Ներկայումս նրանց տեղափոխում են երկրի ներսում դեպի առավել ապահով վայրեր, սակայն քննարկվում են տարհանման ուղիներ նաև հարևան երկրներով, առաջին հերթին՝ Հայաստանի միջոցով, գրում է The New Indian Express-ը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Թեհրանում գտնվող երկրի դեսպանատունը վերահսկում է հնդիկների տեղափոխությունը դեպի անվտանգ շրջաններ։ Նրանց թվում կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր սովորում են Իրանի համալսարաններում։ Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի դրությամբ Իրանում բնակվում էր Հնդկաստանի շուրջ 10 000 քաղաքացի, որոնցից ավելի քան 2000-ը՝ ուսանողներ։
Թերթի տեղեկություններով՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս թեմայով զրույց է ունեցել Հնդկաստանի գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի
հետ։ Նախարարները քննարկել են երկու երկրների գործողությունների համակարգումը դիվանագիտական և լոգիստիկ մակարդակներում, ինչն անհրաժեշտության դեպքում թույլ կտա ապահովել Հնդկաստանի քաղաքացիների անվտանգ տեղափոխման ուղին։
Ներկայում Հնդկաստանի դեսպանատունը Թեհրանում իր քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս մնալ տանը, խուսափել ոչ պարտադիր ճանապարհորդություններից և ուշադիր հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Ավելի վաղ դեսպանատունը տարածել էր նախազգուշացում՝ հորդորելով «ծայրահեղ զգուշություն ցուցաբերել» և մշտական կապ պահպանել դեսպանատան աշխատակիցների հետ։
Այս ամենը պայմանավորված է Իսրայելի և Իրանի միջև շարունակվող ռազմական գործողություններով, որոնք ընթանում են արդեն չորրորդ օրն անընդմեջ։ Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։