Ադրբեջանի արտգործնախարարությունը, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, կասկածի տակ է դրել Հայաստանի նվիրվածությունը խաղաղությանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Վարչապետի կրկնած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս Հայաստանի՝ իր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պատրաստակամության բացակայությունը՝ տարածքային հավակնությունները վերացնելու և խաղաղության գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում՝ կապված Հայաստանի խաղաղությանն ուղղված նվիրվածության հետ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Փաշինյանը, մինչդեռ, հիշեցնելով, որ Հայաստանի սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չունի հարևան երկրի նկատմամբ, մայիսի 26-ին «Երևանյան երկխոսության» ֆորումի ընթացքում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի՝ ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանելու դեպքում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի: Նա հավաստիացրել էր, որ խորհրդարանում այն վավերացնելուց և ՀՀ նախագահի կողմից այն ստորագրելուց հետո պայմանագիրը կունենա ամենաբարձր իրավական ուժը Հայաստանում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ փաստաթուղթը կփարատի Ադրբեջանի բոլոր մտահոգությունները:
Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում:
Չնայած Երևանն ինչպես նախկինում, այսօր ևս առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման հարցով, պաշտոնական Բաքվից պնդել են, թե Հայաստանը «դանդաղեցնում է գործընթացը»:
Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր վերջին 7 օրվա մեջ արդեն երկրորդ անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հայտարարել է, թե իրենց «պատմական հողերում, որտեղից արտաքսվել են իրենց հայրենակիցները, մտածված ու ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական-հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում»:
Փաշինյանն այսօր վերահաստատել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։
«Ադրբեջանը վերջին տարիներին սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ն «Արևմտյան Ադրբեջան» անվանել։ ՀՀ ինքնիշխան տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել, բացառում ենք նման քննարկումը»,- շեշտել է նա։