Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղային երթուղու վիճակը, Correio Braziliense-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրել է, որ Երևանի և Անկարայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքն արդեն հանվել է, և իրականացվում են ուղիղ չվերթեր։
Չնայած դրան՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու մասին պայմանագիրը դեռևս չի իրականացվել, նշել է Միրզոյանը։ Նա հայտարարել է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան նախապայմաններ չեն առաջադրում հարաբերությունների կարգավորման համար, սակայն Անկարան փաստացի այս հարցը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։
Նրա խոսքով՝ թուրք քաղաքական գործիչները զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանն ամբողջությամբ բացելու հարցում՝ մինչև Բաքվի հետ հարաբերությունների վերջնական կարգավորումը։
Միրզոյանը լրատվականին համոզմունք է հայտնել, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, դա կարող էր դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Սահմանը փակվել էր 34 տարի առաջ՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։
2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպման ժամանակ Միրզոյանը հայտարարել էր Երևանի և Անկարայի միջև համաձայնության մասին՝ համատեղ գնահատելու ընդհանուր սահմանով՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացման տեխնիկական պահանջները։
2025 թվականի մարտին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչ Օմեր Չելիքն ասել էր, որ Անկարան կարագացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, երբ Երևանը կատարի Ադրբեջանի պայմանները։