Երեկ առավոտյան Կ․Պոլսո Բաքըրքյոյ թաղամասում գտնվող Տատյան հայկական մասնավոր վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, akunq.net–ի փոխանցմամբ՝ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Դեպքի առնչությամբ 2 կասկածյալ է ձերբակալվել։ Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսը հանձնվել է դատական ատյաններին։
Զինված հարձակման հետևանքով կոտրվել են հայկական վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր նկատվել։ Ձերբակալված կասկածյալներից մեկի տանը կատարված խուզարկման արդյունքում ապօրինի օգտագործման ատրճանակ է հայտնաբերվել։
«Մինչ այդ ոստիկանությունն ուսումնասիրելով անվտանգության տեսախցիկի տեսագրությունը՝ պարզել է, որ 2 կասկածյալից մեկը կրակ է բացել հայկական վարժարանի ուղղությամբ, իսկ մյուսը՝ դատարկ պարկուճները հավաքել։ Ոստիկանությունը նկատելով, որ կասկածյալները մի կացարանում են պատսպարվել, միջոցներ է ձեռնարկել և գործողություն սկսել նրանց դեմ։ Շ․Ք․ և Յ․Չ․ անվամբ կասկածյալները ձերբակալվել են»,- ասված է հրապարակման մեջ։
Թեմայի վերաբերյալ Ստամբուլի անվտանգության տնօրինությունից ստացված պարզաբանման համաձայն՝ բացահայտվել է, որ կասկածյալները մինչ այդ զանազան հանցագործությունների հեղինակ էին։
«Նրանց տանը կատարված խուզարկության արդյունքում ատրճանակ և 14 պարկուճ է գտնվել։ Կասկածյալներից Յ․Չ․-ն հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, իսկ նրա թղթապանակն ուղարկվել է արդարադատության համապատասխան մարմիններին։ Կասկածյալ Շ․ Ք․-ն հանձնվել է դատական ատյաններին՝ «գույքին վնաս հասցնելու», «ընդհանուր անվտանգությունը դիտումնավոր կերպով վտանգի ենթարկելու» և այլ մեղադրանքներով»,- փոխանցում է աղբյուրը։