«3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման գործընթացները համակարգում է Թուրքիան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա այսպես է մեկնաբանել Հարավային Կովկասի հարցով հարթակի հնարավոր վերափոխումը լիարժեք կազմակերպության։
Զախարովան նշել է, որ հարցը հոկտեմբերի 18-ին քննարկվել է Ստամբուլում՝ հարթակի անդամների նախարարական նիստում:
«Հաշվի առնելով այդ նիստի արդյունքները՝ տվյալ փուլում այն համակարգում է Թուրքիան, ուստի աշխատանքի մեկնաբանությունների համար տեղին է դիմել մեր թուրք գործընկերներին»,- ասել է նա։
Հարավային Կովկասում (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությամբ 2020 թվականի վերջին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հինգ երկրների փոխարտգործնախարարների մակարդակով հարթակի առաջին նիստը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում։ Վրաստանը հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել նախաձեռնությանը։
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի էր ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքն ավարտելու համար:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 7-ին Հարավային Կովկասում ձևաչափի աշխատանքի վերսկսման հույս էր հայտնել: Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր Հարավային Կովկասի հարցով հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու Մոսկվայի մտադրության մասին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթաց ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում հայ ժողովրդի շահերի և Հայաստանի ու Արցախի տարածքների հաշվին: