ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր Ստամբուլում «3+3» ձևափաչով արտգործնախարարների երրորդ հանդիպման մասին։ Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկրորդ բանակցությունները տեղի էին ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում։ Ձևաչափը ենթադրում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման ավարտից հետո նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատելով «3+3» ձևաչափով բանակցությունները՝ հայտարարել էր, որ գործող իշխանության մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթացում Հայաստանն ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի տարածքների շահերի հաշվին։