Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը, սահմանազատել են երկու երկրների պետական սահմանի 13 կմ տարածք, Իտալիայում տեղի ունեցած միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո՛, սա առաջին փոքր քայլն է, սահմանազատվել է 13 կմ տարածք՝ Հայաստանի հետ մեր սահմանի 1000 կմ տարածքից, մենք ճիշտ ուղու վրա ենք։ Հարավային Կովկասում կարող ենք խաղաղության հասնել, և դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններով»,- ասել է նա:
Իտալիայում պաշտոնական այցով գտնվող Ալիևը սեպտեմբերի 6-ին հանդիպել էր Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ, երկրի վարչապետ Ջորջա Մելոնիին։ Մելոնին հանդես էր եկել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատման օգտին։
Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 12-ին Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստն իր վերջնական փուլում է, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում խաղաղություն կնքել Բաքվի հետ։ Փաշինյանը հայտնել էր, որ կնքման համար վերջին քայլերն են մնացել, սակայն չէր պարզաբանել, թե համաձայնագրի ո՞ր դրույթներն են քննարկվում և որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Նույն օրն Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։