Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամեդ Մոհբերին քննարկել են Կովսականն (Զանգելան) ու Նախիջևանը Իրանի տարածքով կապող ավտոմոբիլային տրանսպորտային գծի ստեղծման աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ զրուցակիցները շոշափել են Ալիևի և Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մայիսի 19-ին ադրբեջանա-իրանական սահմանին տեղի ունեցած հանդիպման նշանակությունը, այնտեղ կայացած քննարկումները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մոհբերին հավաստիացրել է, որ Իրանն իրականացնում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել երկու երկրների սահմանին մայիսի 19-ին՝ Ալիևի հետ հանդիպումից հետո, վերադարձի ճանապարհին։ Իրանի հյուսիս-արևմուտքում Ռայիսիին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Այդ օրը Ռայիսին վերադառնում էր Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամի զոհվելու լուրը։