Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ ապագայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության դեմ, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Թեհրանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին իր միջամտողական վարքագծի հետևանքների մասին՝ նշելով, որ նման միջոցներն անպատասխան չեն մնա»,- ասել է Քանանին։
Փետրվարի 20-ին ԵՄ-ն ընդլայնել էր Իրանի դեմ պատժամիջոցները, այսպես կոչված, «բողոքի ցույցերը ճնշելու» պատճառով՝ «սև ցուցակում» ներառելով ևս 32 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց:
Ըստ աղբյուրի, «սև ցուցակում» ընդգրկված անձանց թվում են պաշտոնյաներ, անվտանգության ուժեր, դատական և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ, այդ թվում՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին և կրթության նախարար Յուսեֆ Նուրին: Պատժամիջոցների ենթարկված իրավաբանական անձինք ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ են։
Փետրվարի 15-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է նաև փետրվարի 24-ին Իրանի դեմ պատժամիջոցների առանձին բաժին մտցնել՝ որպես հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի մաս։ Դրանում ներառվելու են իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն դեպի Ռուսաստան իրանական ռազմական մատակարարումների հետ։