Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ չստուգված տեղեկատվության և գրառումների տարածումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դատախազությանը, գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին օրերին որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածվել են իրականությանը չհամապատասխանող տեսանյութեր, լուսանկարներ և այլ տեղեկություններ, որոնք իբր արտացոլում են ադրբեջանական բանակին պատկանող տարբեր տեխնիկայի տեղաշարժն ու տեղաբաշխումը:
«Նման չստուգված տեղեկատվության, ձայնագրությունների, ֆոտո և տեսագրությունների տարածումը առանց պետական մարմինների հետ որևէ ճշգրտման՝ արհեստական աժիոտաժ ստեղծելու նպատակով անթույլատրելի է և առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- ասված է հայտարարության մեջ: