ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հայտարարությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնման մասին:
«Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ նշված հաղորդագրությունն անվանելով «մտացածին»:
Այսօր ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ ըստ հետախուզության վարչության՝ Ռուսաստանն իբր «արագացրել է Գյումրիում իր ռազմակայանի համալրումը՝ Հարավային Կովկասի երկրների վրա ռազմաքաղաքական ճնշումն ուժեղացնելու նպատակով»: Նշվում էր, որ դա «Կրեմլի համալիր ռազմավարության մի մասն է, որն ուղղված է անվտանգության գլոբալ իրավիճակի ապակայունացմանը», իսկ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացումը «նախապես էր նախապատրաստվում»։