Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում անդամակցությունը սառեցրած Հայաստանին անհրաժեշտ է սթափ գնահատել իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։
Նա նաև հաստատել է՝ Երևանը, որը կառույցում չի կատարում իր անդամության վճարները, կարող է քննարկումների թեմա դառնալ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։ Սակայն, ըստ Պանկինի, անորոշ է, թե ինչ ձևաչափով և որ ուղղությամբ կզարգանա այդ քննարկումը։
«Բոլորը հասկանում են՝ Հայաստանը, որը, ինչպես իրենք են արտահայտվում, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չնայած չի մասնակցում որոշումների ընդունմանը, բայց նաև չի խոչընդոտում դրանց, այնուամենայնիվ, հավանաբար պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ կոլեկտիվ ձևաչափում։ Որոշումը, ցանկացած դեպքում, մնում է հայկական իշխանություններինը»,- նշել է դիվանագետը։
Երևանը սառեցրել էր իր մասնակցությունը դաշինքին։ Թեկուզ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն արդեն շուրջ երկու տարի չի վճարում անդամավճարները կազմակերպությանը։ Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի ավարտը շարունակի նույն քաղաքականությունը, կազմակերպության անդամ երկրները «կարող են քննարկել տարբեր սցենարներ», մարտին հայտարարել էր ՌԴ ԱԳ փոխնախարարը։