Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 25-ին Ջիդդայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին Իսրայելի մասնակցության սահմանափակման հարցը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ֆիդանն ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել միավորել ջանքերը՝ Պաղեստինի միջազգային ճանաչումն ընդլայնելու, ինչպես նաև ՄԱԿ-ում նրա լիիրավ անդամակցության նախաձեռնությունն առաջ մղելու համար։
Նրա խոսքով՝ կարևոր խնդիրներ են մնում արաբա-իսլամական համաձայնագրերի հիման վրա Գազայի հատվածի վերականգնումը և Պաղեստինի պետական ինստիտուտների ամրապնդումը՝ գործընկերների ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։ Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Իսրայելի գործողություններն ազդում են ոչ միայն պաղեստինյան հարցի վրա։
Նա հիշեցրել է Սիրիայի, Լիբանանի և Իրանի վրա կանոնավոր հարվածները, որոնք, իր կարծիքով, ամբողջ տարածաշրջանն անկայունացնելու վտանգ են պարունակում։
Օգոստոսի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Գազայի հատվածում անհապաղ հրադադարի և Իսրայելի գործողությունները զսպելու անհրաժեշտության մասին, որոնք հանգեցնում են մարդասիրական աղետի։
Օգոստոսի կեսերին Իսրայելը նոր հարձակում էր սկսել Գազայի հատվածի քաղաքային մասի վրա՝ այն ամբողջությամբ գրավելու ծրագրով։




































