Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը «որոշակի փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին:
Նշվում է, որ Փաշինյանն այս փուլում պատրաստ է խաղաղության առանց որևէ նախապայմանի։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն առաջարկել է Սյունիքի հարցի լուծման մի տարբերակ, որը ենթադրում է արտապատվիրակված մոդել՝ առանց «միջանցքի» ձևակերպման, սակայն ենթադրելի է՝ վերահսկողության որոշակի տարրերով։
ՀՀ կառավարությունից այսօր ավելի վաղ հաստատել էին մամուլում շրջանառվող լուրերը Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման մասին: Օգոստոսի 7-8-ին Փաշինյանը կայցելի Միացյալ Նահանգներ։ Middle East Eye հրատարակության տեղեկություններով՝ այդ հանդիպմանը Երևանն ու Բաքուն կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել։