«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նոր կազմի ձևավորմանն ընդառաջ անդամության թեկնածուները հանդիպումներ են անցկացնում մարզերում՝ փորձելով համոզել պատվիրակներին քվեարկել իրենց օգտին: Նրանք ներկայացնում են իրենց տեսլականը և դիրքավորումը ապագա վարչության կազմում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Կուսակցական ակտիվությունը մարզերում զգալիորեն ավելացել է։ Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության անդամի թեկնածուները առավել ակտիվորեն են շրջում տարբեր մարզերում՝ հանդիպելով խորհուրդների անդամների և կուսակցական ակտիվի հետ։ Այդ հանդիպումներն ընթանում են հիմնականում փակ ձևաչափով։
Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ թեժ պայքար է սպասվում, քանի որ առաջադրված 42 թեկնածուներից միայն 20-ն են լինելու ՔՊ նոր վարչության կազմում։
Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկությանը մասնակցելու է շուրջ 1000 պատվիրակ, որոնք ներկայացնում են ՔՊ մարզային խորհուրդները։