Իսպանիայի Ալբորայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկանում ենք Orer.eu կայքից։
Ըստ հրապարակման՝ քաղաքային խորհրդի 6 կուսակցությունները` Սոցիալիստական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, ՎՈՔՍ-ը, «Ալբորայա ակտուա»-ն և Ձախ միությունը միաձայն կողմ են քվեարկել Իսպանիայի «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա իշխանական «Կոմպրոմիսի» ներկայացրած հայտարարությանը։
Կուսակցությունների խոսնակները դատապարտել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը, կարևորել աշխարհի բոլոր երկրների կողմից այն ճանաչելու անհրաժեշտությունը և ներկայիս Թուրքիայի կողմից վնասների փոխհատուցումը։
Ալբորայայի քաղխորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել օգնել Իսպանիայի հայ համայնքին` հարցը հասցնելու այլ կառավարություններ, այդ թվում նաև` Իսպանիայի խորհրդարան։
Ապրիլի 24-ին լրացել էր Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշել է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ Եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։