Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, և այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ՝ Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ստեղծելու համար։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Մեղրիով ճանապարհի թեմային։
«Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանը այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում։ Եվ ինքը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը-խմբ․), այսպես ասենք, բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա նույնն անում է եկեղեցու հետ։ Կարմիր գծեր կան, որ այս իշխանությունը հեշտությամբ հատել է»,- նշել է նա։
Քոչարյանի խոսքով՝ շատ է մտածել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, սակայն այդպես էլ կապը չի գտել, սակայն, ըստ նրա, Փաշինյանը գտել է այդ կապը։
Նա նշել է նաև, որ Դատախազությունն այսօր ոչ թե դատաիրավական համակարգի մաս է, այլ քարոզչամեքենա է «Քաղաքացիական պայմանագիր» կուակցության համար։
«Ենթադրում եմ՝ որոշակի ընտրական պրոցեսների հետ կապված, կարող են նախաստորագրվող թղթի կտոր տալ Հայաստանին՝ ընտրազանգվածի վրա ազդելու համար։ Ամենից խոցելի զանգվածներն ամենից շատն են ձայն տվել այս իշխանությանը, և նրանց կյանքում ոչինչ չի փոխվել, մի բան էլ՝ վատացել է։ Այս մարդն իրեն ձայն տված մարդկանց խաբում է»,- ասել է նա։
Քոչարյանը հավելել է, որ արտաքին աշխարհում որևէ լուրջ մարդ չկա, որը վստահում է վարչապետին, չեն վստահում, սակայն բարեհաջող օգտագործում են, եզրափակել է նա։
Քոչարյանի ամբողջական հարցազրույցը եթեր կհեռարձակվի 5-րդ ալիքով այսօր՝ 21։20-ին։
Մարտի 13-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է և հայկական կողմը ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը, որոնց համաձայնել է Հայաստանը։ Նա հաստատել էր, որ հարցը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Նույն օրը՝ մարտի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։