Հայաստանի իշխանությունները Եկատերինբուրգից հետ են կանչում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին, հայտնում է Ura.ru-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ պատճառը նրա անհամաձայնությունն է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշման և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ:
Սպարտակյանը կայքի հետ զրույցում միայն նշել է, որ մնում է Եկատերինբուրգում։ Նա խոստացել է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ սվերդլովցիների և հայ համայնքի համար նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի։
«Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցանկացած գործողություն, որպես համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմք, անթույլատրելի եմ համարում»,- հավելել է Սպարտակյանը:
Կարապետյանի կալանավորման վերաբերյալ հարցին պատասխանելով նշել է, որ ինչպես բոլոր հայերը, շատ է հարգում նրան. «Չէ՞ որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կարելի է կառուցել և արարել»:
Սպարտակյանը պատվավոր հյուպատոս է դարձել 2018 թվականին, երբ 28 տարեկան էր: Սկզբում նրա հյուպատոսական շրջանը ներառում էր միայն Սվերդլովսկի մարզը, հետագայում այն ներառել է նաև Պերմի և Չելյաբինսկի շրջանները:
Կարապետյանը հունիսի 18-ից երկու ամսով կալանավորվել էր հոգևորականության և կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ:
Հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված բարերարի։ Այնուհետև Կարապետյանն իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։ «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանն է ղեկավարելու նոր ձևավորվող քաղաքական ուժը: