Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են, հայտարարել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը։
ԳՄ-ն ՀՀ գլխավոր դատախազից և քննչական մարմիններից պահանջել է Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ և նրան ներգրավել որպես մեղադրյալ։
Նշվում է, որ նրա կոչերը պարունակում են բռնության գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն Հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու քրեորեն պատժելի արարքներ։
Կուսակցության Հայաստանի կառույցը ՀՀ ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է կանխարգելել վարչապետի կողմից նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ այդպիսով չդառնալով նման մասշտաբների անօրինականության մեղսակից։
Դիմելով հանրությանը՝ ԳՄ-ն կոչ է արել չմասնակցել նրա կողմից Վեհարան արշավելու ծրագրին, չդառնալ քրեական օրենսգրքով պատժելի համարվող խուլիգանության, զանգվածային անկարգությունների և այլ ծանր հանցագործությունների մասնակից։
«Հայոց եկեղեցու շնորհիվ 21-րդ դար հասած մեր ժողովուրդը չի´ կարող հանդուրժել եկեղեցու, նրա հովվապետի և հոգևորականաց դասի նկատմամբ Հայաստանի վարչապետի հակաօրինական արշավը, ուստի մեր ժողովրդին կոչ ենք անում պատրաստ լինել օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- հավելել են կուսակցությունից։
Մայիսի 29-ից սկսած վարչապետը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հակասահմանադրական էր որակել վարչապետի հայտարարությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել էր Փաշինյանի հայտարարությունը և այն եկեղեցու նկատմամբ «ոտնձգություն» որակել։
Կարդացեք նաև՝