Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու օրակարգով Էջիածնում հավաք հրավիրելու հայտարարությունը։ Մայր Աթոռը Փաշինյանի մտադրությունը եկեղեցու նկատմամբ «ոտնձգություն» է որակել։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը»։
Մայր Աթոռը հորդորել է իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։ Եկեղեցին նաև դիմել է պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նաև հավատացյալներին կոչ է արել չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար։
Մայիսի 29-ից սկսած վարչապետը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հակասահմանադրական էր որակել վարչապետի հայտարարությունը։
Կարդացեք նաև՝